Ուկրաինայի և Ֆիլիպինների նախագահներն առաջին հանդիպումն են անցկացրել երկկողմ հարաբերությունների պատմության մեջ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է իր ֆիլիպինցի պաշտոնակից Ֆերդինանդ Մարկոս Կրտսերի հետ, ինչը դարձել է այս պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Հանդիպումը տեղի է ունեցել Մանիլայում հունիսի 2-ին։
«Մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ հանդիպեցի նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերի հետ», – գրել է Ուկրաինայի նախագահն իր Telegram ալիքում։
Նա նաև հայտարարել է, որ Կիևը նախատեսում է այս տարի դեսպանություն բացել Մանիլայում՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը և Շվեյցարիայում կայանալիք Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովը։ Զելենսկին հայտարարել է, որ Ֆիլիպինները կմասնակցի խորհրդաժողովին, որը կանցկացվի հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկ քաղաքում: