2023 թ.-ին պետական դավաճանության դեպքերով քանի՞ գործ է քննվել, քանի՞սն է կարճվել, դատարանում քանի՞ գործ է ներկայում քննվում

Մայիսի 22-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող վտանգավոր հայտարարություն էր արել՝ պնդելով.

«44-օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդիկ տեղերը տվել են, որ մեր զինվորներին սպանեն: Ինչի՞, որպեսզի այդ ժամանակվա իշխանությունը պարտվի, որպեսզի կարողանան որոշ քաղաքական ուժեր, մարդիկ… Ես այնտեղ եմ եղել, դուք էլ գիտեք, որ սեպտեմբերի 29-ին եղել եմ այնտեղ: Ղարաբաղի նախագահի էդ համապատասխան բունկեր էր կոչվում, այնտեղ եղած ժամանակ տեսել եմ Սամվել Բաբայանին, որ էդ մտքերն ասել է այդ ժամանակվա գործող Ղարաբաղի նախագահին: Ես ոչ մի բան ինձնից չեմ հորինում: Ես Սամվել Բաբայանին էդ ժամանակ երևի առաջին անգամ եմ տեսել և ծանոթացել: Ես շատ ճիշտ եմ ասում, էն, ինչ որ տեսել եմ»:

ՀՀ գլխավոր դատախազությունից 168.am-ին գրավոր պատասխանով հայտնել են, որ ՀՀ ԱԺ պատգամավորների ելույթների կապակցությամբ հիմնավորում պահանջելը և հարցաքննություն իրականացնելը դուրս է ՀՀ սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսդրության կարգավորումներով նախատեսված ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից:

168.am-ը Խաչատուր Սուքիասյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող հայտարարության առնչությամբ հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Պատասխան գրությունը ստանալուն պես կներկայացնենք:

Կարդացեք նաև

Իսկ ՀՀ գլխավոր դատախազությանը մեր գրավոր հարցմանը, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի շրջանակում եղե՞լ են նման դեպքեր, կամ՝ բացահայտվե՞լ են նման հանգամանքներ, երբ զինվորները, սպաները, հրամանատարները դավադրության արդյունքում են հակառակորդի կողմից թիրախավորվել, Դատախազությունը պատասխանել է.

«2023 թվականի ընթացքում քննվել են պետական դավաճանության դեպքերի առթիվ նախաձեռնված 16 քրեական վարույթներ (2022 թվականի ընթացքում՝ 17 վարույթ), որից 1 քրեական վարույթ կարճվել է արդարացնող հիմքով:

3 քրեական վարույթ 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2022 թվականին՝ 10 քրեական գործ 17 անձի վերաբերյալ, ովքեր գտնվել են կալանքի տակ): 2023 թվականի ընթացքում դատարանում ավարտվել է 2 քրեական գործ 2 անձի նկատմամբ։ Կայացված մեղադրական դատավճիռներով՝ վերջիններս դատապարտվել են ազատազրկման։ 2024 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով նախաձեռնվել է 2 քրեական վարույթ։ Ներկայումս նախաքննություն է իրականացվում 3 քրեական վարույթներով։

2024 թվականի դրությամբ դատարաններում քննվում են ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ (նախորդ օրենսգրքի 299-րդ) հոդվածով նախաձեռնված 15 քրեական գործեր։

2024 թվականի ընթացքում դատարանում ավարտվել է 1 քրեական գործ՝ կայացվել է մեղադրական դատավճիռ»:

Տեսանյութեր

Լրահոս