ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում աշխատակազմի ուղեկցությամբ այցելել է զորամասեր և մարտական դիրքեր։
Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում Պաշտպանը հանդիպումներ է ունեցել սպայակազմի հետ, քննարկել զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերելի հարցեր, այդ թվում՝ կապված սոցիալական ապահովության, ծառայության գրավչության բարձրացման, ատեստավորման գործընթացի, բնակարանային ապահովության և մի շարք այլ հարցերի հետ։
Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասերի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, մասնավորապես՝ բուժծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը, պահման պայմանները, մատուցվող սննդի որակը, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկը, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարաններին ու կենցաղային պայմաններին։
Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։
ՄԻՊ-ից հայտնում են, որ ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների` ներկայացվում խնդիրների լուծման առաջարկներ։ Անահիտ Մանասյանը գնահատում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում լուծվում են զինծառայողների կողմից բարձրացված` մարդու իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։