Ակնհայտ է, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունների գեոպոլիտիկ հովանավորների և նրանց ռացիոնալ թյուրքական պրոքսիների կողմից Իրանի դիրքերը թուլացնելու ջանքեր են գործադրվելու. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Սամվել Մարտիրոսյանը նրան հարցրել է.
«Պարոն Աշոտյան, ուղղաթիռի վթարից մահացան Իրանի նախագահ Ռաիսին, ԱԳ նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ի՞նչ եք կարծում, դա ուղղակի ավիավթա՞ր էր, թե՞ Իսրայելի և Ալիևի սիրավեպի հերթական թատրոնը, և ի՞նչ հետևանքներ կունենան այս զարգացումները ՀՀ-ի վրա»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Ակնհայտ է, որ Իրանի ղեկավարության առեղծվածային ավիավթարը պիտի բուռն քննարկումների, վերլուծությունների, վարկածների և անպատասխան հարցերի տեղիք տար։ Առիթից օգտվելով` ցանկանում եմ իմ սրտաբուխ և խորը ցավակցությունները հայտնել բարեկամ Իրանի ժողովրդին և առաջնորդներին։
Հասկանալով, որ տարաբնույթ մեկնաբանությունների պակաս չի լինի՝ անձամբ հակված եմ հետևելու Իրանի պաշտոնական տեսակետներին, քանզի կասկած չունեմ, որ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը հետամուտ է լինելու ողբերգական պատահարի հանգամանքների ամբողջական բացահայտմանը։
Հաշվի առնելով Իրանի շոշափելի դերակատարությունը և նշանակությունը թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ աշխարհաքաղաքականության մեջ` հնարավոր զարգացումները կարող են ազդել նաև Հայաստանի վրա՝ ինչպես ռեգիոնալ, այնպես էլ՝ համաշխարհային դիսկուրսներում։
Ձևական արարողակարգից այն կողմ Փաշինյանի ռեժիմը երբեք աչքի չի ընկել Իրանի քաղաքական դերակատարության հանդեպ համակրանքով կամ հատուկ ուշադրությամբ։ Ակնհայտ է, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունների գեոպոլիտիկ հովանավորների և նրանց ռացիոնալ թյուրքական պրոքսիների կողմից Իրանի դիրքերը թուլացնելու ջանքեր են գործադրվելու։ Ուստի չեմ բացառում, որ նիկոլական ռեժիմի որոշ ներկայացուցիչներ անգամ հրճվանք են ապրում բարեկամ Իրանի վերջին ողբերգությունից»:
Մանրամասները՝ տեսանյութում: