«Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը բրիտանական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է նաև որպես ՀԱՊԿ-ի անդամ երկիր Հայաստանի անվտանգության ներկայիս համակարգի արդյունավետությանը, Ադրբեջանի հետ վերջին հակամարտության ժամանակ ՀՊԱԿ-ի կողմից Հայաստանին չօգնելուն և կազմակերպությանն անդամակցությունը շարունակելուն հարցերին:
Նիկոլ Փաշինյանը նախ նշել է, որ տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրները Հայաստանը պատկերացնում է խաղաղության գործընթացի շրջանակում հասցեագրմամբ:
«Ընդ որում՝ շատ կարևոր է ընդգծել, որ հիմա խաղաղության գործընթացն ինքը միայն խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը չէ, որն արվում է: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից, և մենք պետք է գնանք այդ ճանապարհով»,-ընդգծել է Փաշինյանը:
Ինչ վերաբերվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ապա, ըստ Փաշինյանի, այդտեղ ֆունդամենտալ խնդիր է առաջացել, որովհետև, ըստ էության, նույնիսկ Ադրբեջանի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիմա վրա ճանաչելու վերաբերյալ և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը վերցվում է որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար:
«Ես ուզում եմ մենք արձանագրենք, ի՞նչ է սա նշանակում գործնականում: 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը մեր քննարկվող հարցերի տեսակետից ունի երկու շատ կարևոր արձանագրում, առաջինը, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և դա պայմանավորվել են նախկին Խորհրդային Միության 12 հանրապետությունները, այսինքն՝ բոլոր հանրապետությունները, բացառությամբ մերձբալթյան երկրների, որոնք այդ պահին արդեն անկախացել էին, և նախկին խորհրդային հանրապետությունների միջև արձանագրված վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանի: Այսինքն՝ մենք հիմա հստակ գիտենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանները որտեղով են անցնում և շատ կարևոր է, որ մենք Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում ենք որպես սահմանազատման գործընթացի քաղաքական հիմք: Սա նաև կարևոր բան է նշանակում, որ մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և Խորհրդային Միության սահմաններում ունեցել են դե յուրե իրավական հիմք»,-ասել Փաշինյանը ՝ շեշտելով, որ այդ ամենն ուղղակիորեն կապ ունի ՀԱՊԿ-ի հետ, քանի որ Ալմա-Աթայի հռչակագրով՝ վարչական սահմաններով արձանագրված սահմանները նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի է: Սա նշանակում, որ եթե այդ սահմանը խախտվում է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգային մեխանիզմը պետք է գործարկվի:
«Հիմա ի՞նչ խնդիր է առաջացել մեր և ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Խնդիրը հետևյալն է, երբ այդ սահմանները խախտվել են 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին, 2022թ. սեպտեմբերին և Հայաստանը սահմանված կարգով ձեռնարկել է ճգնաժամային իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքի մեխանիզմներ, այդ մեխանիզմները չեն գործարկվել այն պատճառաբանությամբ, որ սահմանները դելիմիտացված չեն: Եվ Ռուսաստանի Դաշնությունից էլ վերջերս նման հայտարարություն է հնչում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի գործարկվել այդ պահին, որովհետև այդտեղ դելիմիտացված սահման չկար կամ սահման չկա, բայց մեր գործընկերները չեն արձանագրել մի կարևոր բան, եթե այդտեղ դելիմիտացված սահման չկա, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ չկա նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի, որովհետև սահմանը կա և բոլորը գիտեն այդ սահմանի տեղը, իսկ, ըստ էության, նրանք ասում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի Հայաստանի Հանրապետությունում իրենք չենք կարող ցույց տալ:
Սա, կներեք, նշանակում է, որ իրենք ասում են, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, ըստ էության, չկա, որովհետև դելիմիտացված չի, դելիմիտացված չէ նաև, օրինակ՝ սահմանը Ռուսաստանի և Ճապոնիայի միջև: Կներեք, ես գիտեմ, որ մեր գործընկերները նման մտադրություն չունեն, բայց եթե հանկարծ այդպիսի իրադրություն լինի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, օրինակ՝ Ռուսաստանը երկրների հետ ունի չդելիմիտացված սահմաններ, եթե հանկարծ այդպիսի մտադրություն լինի, որ որևէ երկրի զորք մուտք գործի Ռուսաստանի Դաշնության տարածք, չդելիմիտացված սահմաններ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նշանակում է չպիտի՞ որևէ կերպ արձագանքի»,- ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա էլ իր հերթին նշանակում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն չկա որպես մեխանիզմ, որի վրա անդամ երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, մյուս երկրները կարող են հույս դնել:
«Հարցը հետևյալն է, եթե մենք հույսը դնում ենք մի կազմակերպության վրա, որի վրա չարժե հույս դնել, որովհետև սկզբունքորեն չի կարելի այդ կազմակերպության վրա հույս դնել, և ոչ միայն մենք, այլև մյուսները չեն կարող այդ կազմակերպության վրա հույս դնել, և սա հիմնավորվում է կազմակերպության արձագանքով և անդամ որոշ երկրների հայտարարություններով: Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Եվ եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ»,-եզրափակել է Փաշինյանը: