Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է իսրայելցի միլիարդատիրոջ լցանավը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «SNSF» ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինները Հորմուզի նեղուցում գրավել են «MCS Aries» կոնտեյներային նավը։ ԻՌՆԱ գործակալությունը հայտնում է, որ այն նավարկում էր Պորտուգալիայի դրոշի ներքո և կապված է իսրայելցի միլիարդատեր Էյալ Օֆերին պատկանող Zodiac Group ընկերության հետ։
Իրանի ռազմածովային ուժերում գործակալության աղբյուրը հայտնել է, որ նավը տեղափոխվում է այդ երկրի տարածքային ջրեր։
ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքից 50 ծովային մղոն դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում գրանցված միջադեպի մասին առաջինը հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ծովային առևտրական տեղափոխումների համակարգման կենտրոնը (United Kingdom Maritime Trade Operations, UKMTO): Այդ կառույցը խորհուրդ է տվել զգուշություն ցուցաբերել և հայտնել միջադեպի տարածքում ցանկացած կասկածելի ակտիվության մասին:
Associated Press-ը պարզաբանել է՝ MSC Aries նավը կապ ունի բրիտանական Zodiac Maritime ընկերության հետ, որը 23.9 միլիարդ դոլար կարողություն ունեցող իսրայելցի մեծահարուստ Էյալ Օֆերին պատկանող Zodiac Group ընկերության մասն է կազմում։ Նշվում է, որ ապրիլի 12-ին MSC Aries-ը նկատվել է Դուբայի մոտ, նավը շարժվում էր դեպի Հորմուզի նեղուց։ Ավելի ուշ անձնակազմն անջատել է նավի ընթացքին հետևելու տվյալները, ինչը տարածված պրակտիկա է Իսրայելին առնչվող նավերի համար՝ տարածաշրջանում շարժվելիս։
2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա հարձակումից հետո վերջինիս զինուժի՝ Գազայի հատվածում ձեռնարկած պատասխան ցամաքային գործողությունից հետո Իրանը բազմիցս է իր աջակցությունը հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը: Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը նոր աստիճանի է հասել այս տարվա ապրիլի 1-ին իսրայելցիների կողմից Դամասկոսին հասցրած ավիահարվածից հետո, որի հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ զինվորներ:
Թեհրանում հայտնել են, որ իսրայելցիները հարվածել են Սիրիայում Իրանի հյուպատոսությանը, սակայն Իսրայելը չի հաստատել այդ տեղեկությունը՝ նշելով, որ իր թիրախը եղել է հարևան շենքը։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է պատասխան գործողությունների իրավունքի մասին։ CBS հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հայտարարել է Իսրայելի վրա իրանական խոշոր հարձակման ձեռնարկման մասին: