ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել «Բարսայի» դեմ
«Բարսելոնան» կարող է պատժվել ՊՍԺ-ի հետ խաղում երկրպագուների պահվածքի պատճառով:
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Բլաուգրանայի» դեմ այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղի ժամանակ առնվազն երկու երկրպագու նմանակել են կապիկներին և նացիստական ողջույններ ցուցադրել: Օրինախախտները բերման են ենթարկվել ոստիկանություն։
L’Equipe-ը պնդում է, որ կատալոնացիները, եթե դուրս գան կիսաեզրափակիչ, կարող են արտագնա հանդիպում անցկացնել առանց իրենց երկրպագուների։ «Բարսելոնայի» դեմ պատժամիջոցները որակվում են որպես «հավանական»:
Քառորդ եզրափակիչի առաջին խաղն ավարտվել է իսպանական ակումբի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Նշենք, որ մինչ ՈւԵՖԱ-ն գործ կբացեր «Բարսելոնայի» դեմ, ՊՍԺ-ն երեք բողոք էր ներկայացրել կատալոնացի երկրպագուների պահվածքի վերաբերյալ։
Ըստ Le Parisien-ի՝ առաջին բողոքը վերաբերում է ռազմական հանցագործությունների հիմնավորմանը, երկրորդը՝ հանրային տարածքում ռասիզմի դրսևորմանը, երրորդը՝ X սոցիալական ցանցին, որը տարածել է հանցագործների լուսանկարներն ու տեսանյութերը՝ այլ երկրպագուների նույնականացման համար։
«ՊՍԺ-ն խստորեն դատապարտում է խտրականության բոլոր ձևերը և ցանկանում է հիշեցնել, որ դրանք տեղ չունեն մարզադաշտերում կամ հասարակության մեջ:
Ակումբը որոշել է բողոք ներկայացնել «Բարսելոնայի» երկրպագուների դեմ՝ նրանց անընդունելի գործողությունների համար։ Պարկ դե Ֆրենսը բաց է բոլոր ֆուտբոլասերների համար: Մենք դեմ ենք ռասիզմին և խտրականության բոլոր ձևերին, մենք մեկ թիմ ենք»,- ասված է փարիզեցիների հայտարարության մեջ: