Բաժիններ՝

Ճապոնիան և ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ երկխոսելու պատրաստակամություն են հայտնել

Ճապոնիայի և ԱՄՆ-ի իշխանությունները կիսում են այն կարծիքը, որ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության ճանապարհը բաց է։

Այդ մասին հերթական մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։

«Երկու երկրների ղեկավարները կիսում են այն ըմբռնումը, որ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության ճանապարհը բաց է։ Մենք կարծում ենք, որ նախագահ Բայդենի հայտարարությունները, որոնց վրա դուք ուշադրություն եք հրավիրել, հիմնված են այդ ընդհանուր ըմբռնման վրա»,- պատասխանել է նա լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքը, որը ողջունել է Ճապոնիայի և ԿԺԴՀ-ի միջև ուղիղ երկխոսության հնարավոր մեկնարկի գաղափարը։

Հայասին նաև ընդգծել է, որ Ճապոնիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը կարծիքների անկեղծ փոխանակում են ունեցել ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունն այս ուղղությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով՝ Հարավային Կորեայի մասնակցությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը հանդես կգա Ճապոնիայի իշխանությունների կողմից ԿԺԴՀ-ի հետ երկխոսության հնարավոր մեկնարկի օգտին։ Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնն ինքն է բաց Փհենյանի հետ երկխոսության համար ցանկացած ժամանակ և առանց նախապայմանների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս