ԱՆ փոխնախարարները Գեղարքունիքում քննարկել են կարմրուկի դեպքերի աճով պայմանավորված իրավիճակը՝ կարևորելով իրազեկվածության բարձրացումը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որտեղ անցկացրել են աշխատանքային քննարկում։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ մարզպետարանում նրանք ընդլայնված քննարկում են անցկացրել` մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզային բժշկական կազմակերպությունների ղեկավարների, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ` մարզում կարմրուկի դեպքերի որոշակի աճով պայմանավորված` համաճարակաբանական իրավիճակի, իրականացվող կանխարգելիչ միջոցառումների թեմայով:

Լենա Նանուշյանը նշել է, որ թեև իմունականխարգելման առումով որոշակի բարելավում կա մարզում, սակայն կարմրուկի դեպքերի տարածումը կանխելու և կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար կարևոր է բնակչության իրազեկվածության բարձրացումը և պատվաստումային ցուցանիշների բարելավումը:

Բժշկական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող աշխատանքները և ուղղել իրենց հուզող հարցերը:

Այցի շրջանակներում Լենա Նանուշյանը և Լևոն Հակոբյանը եղել են նաև Մարտունու բժշկական կենտրոնում, շրջել ինֆեկցիոն, ընդհանուր թերապիայի, մանկաբուժական բաժանմունքներում, հետաքրքրվել պացիենտների առողջական վիճակով և բուժման ընթացքով, զրուցել բուժանձնակազմի հետ:

Մարտունու բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում նրանք հետաքրքրվել են առաջնային օղակում իրականացվող իմունականխարգելման գործընթացով, խնդիրներով, բուժաշխատողների և այցելուների հետ զրուցել կանխարգելիչ աշխատանքների ընթացքի և կարևորության մասին:

Տեսանյութեր

Լրահոս