«Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետ
«Նոա» ֆուտբոլային ակումբը բացառիկ համագործակցություն է սկսել միջազգային պրոֆեսիոնալ մարզչական թիմի հետ, որոնք Հայաստան են ժամանել Պորտուգալիայից և կաշխատեն «Նոա» ակումբում և ակադեմիայում։
Այս մասին հայտնում է «Նոա» ակումբի մամուլի ծառայությունը: Մարզիկների և զարգացման գծով մենեջերներ Պաուլո Լեյտաուն, Նունո Մոտան, որակի ապահովման և գործառնությունների մասնագետ Խորխե Ռաֆայել Սանտոսն ու ֆուտբոլիստների հավաքագրման մենեջեր Պաուլո Մորեյրան փորձառու մասնագետներ են։
Նրանք համագործակցել են եվրոպական մի շարք երկրների ակադեմիաների և ակումբների հետ, կրթել և աշխատել են մի շարք անվանի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են՝ Լուիշ Ֆիգուն, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռիկարդու Կուարեժման, Ռաֆայել Լեաուն, Գոնսալու Գուեդեշը, Նունու Մենդեշը և այլք։
«Մենք միշտ համագործակցել ենք այնպիսի ակումբների սեփականատերերի հետ, որոնց հետ կունենանք ընդհանուր գաղափար ու նպատակին հասնելու տեսլական։ «Նոա»-ի հետ համագործակցության հիմքում հենց այս սկզբունքներն են։ Ակումբի ղեկավարության հետ քննարկել ենք ակումբի և հատկապես ակադեմիայի զարգացման ռազմավարությունն ու եկել ենք ընդհանուր հայտարարի։ Երկար տարիներ աշխատելով ֆուտբոլային էլիտար կառույցներում, ունենալով բարձր արդյունքներ՝ պատրաստ ենք մեր փորձն ու գիտելիքները ներդնել «Նոա»-ի ու հայկական ֆուտբոլի զարգացման համար»,-«Նոա»-ին միանալուց հետո ասել է ֆուտբոլիստների զարգացման գծով պատասխանատու Նունո Մոտան։
«Նոա»-ի նախագահ Վարդգես Վարդանյանը նշում է. «Մենք հավաքագրել ենք այնպիսի միջազգային մասնագետների, որոնք մանկապատանեկան և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծելու լուրջ փորձ ունեն: Այս պահին նրանք ուսումնասիրում են Ակադեմիայի ներկայիս դրությունն ու երկարաժամկետ զարգացման ռազմավարություն կազմում մեզ հետ: «Նոա»-ն միջազգային փորձը Հայաստան է բերում խելամիտ ձևով՝ հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը, բայց շարժվելով դեպի միջազգային գերազանցություն։ Վստահ եմ, որ մեր նոր գործընկերների ջանքերն ու գիտելիքն արդյունավետ կլինեն ոչ միայն «Նոա»-ի, այլև ոլորտի համար առհասարակ»։