Բաժիններ՝

Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters

Տաջիկստանում այս շաբաթ ձերբակալվել է ինը մարդ, որոնք կասկածվում են մարտի 22-ին Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած զանգվածային հրաձգության, ինչպես նաև այդ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնած իսլամիստական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին Reuters-ին հայտնել է Տաջիկստանի անվտանգության ծառայությունների մի աղբյուր:

Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Տաջիկստանի պետական անվտանգության կոմիտեն 9 հոգու ձերբակալել է մարտի 25-ին Վախդատ քաղաքում։ Կասկածյալներն այժմ մայրաքաղաք Դուշանբեում են։

Հրաձգությունն իրականացրած չորս անձինք Տաջիկստանի քաղաքացիներ են: Նրանք ձերբակալվել են յոթ այլ կասկածյալների հետ միասին, որոնցից մի քանիսը նույնպես Տաջիկստանի քաղաքացիներ են:

Ավելի վաղ Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ հարձակմանը մասնակցած անձանց ընտանիքների անդամներին նույնպես տեղափոխել են Դուշանբե, որպեսզի ռուսաստանցի քննիչները կարողանան հարցաքննել նրանց։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ ունեն հետախուզական տվյալներ, որ հարձակումն իրագործել է խմբավորման աֆղանական ճյուղը՝ «Իսլամական պետություն-Խորասան»-ը։ Ռուսաստանի քննիչները մարտի 28-ին հայտարարել են, որ գտել են ապացույցներ, որ հարձակումն իրագործողները կապված են «Ուկրաինական ազգայնականներ»-ի հետ։

Կիևը հերքել է հարձակմանը որևէ առնչություն ունենալը։

Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 143 մարդ, վիրավորների թիվը հասել է 382-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս