Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։

Հանդիպման սկզբում նախարարը կարևորել է Եվրոպական Միության հետ համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերն ու հայտնել իր պատրաստակամությունը գործադրելու բոլոր ջանքերն այդ քայլերի արդյունավետ իրականացման համար։

Գրիգոր Մինասյանն անդրադարձել է մարտի 4-ից 6-ը Բրյուսել կատարած այցին և վերջինիս շրջանակներում կայացած բարձրաստիճան հանդիպումներին, որոնց ընթացքում կարևորվել է նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ԵՄ կողմից տրամադրվող աջակցությունը տարբեր ձևաչափերով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին, մասնավորապես՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի արդյունքներին, «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի երկրորդ փուլի իրականացման ընթացքին, ինչպես նաև ԵՄ տարբեր գործիքակազմերի շրջանակներում նոր մեկնարկող ծրագրերին։ Կողմերը քննարկել են նաև ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) հետ համագործակցության խորացման հարցը:

Կողմերը հնարավորություն են ունեցել մանրամասն քննարկելու «Էլեկտրոնային արդարադատության մշակման և իրականացման լուծումները» ԵՄ ծրագրի արդյունքները և համաձայնեցնելու հաջորդիվ իրագործվելիք քայլերը՝ ուղղված ծրագրի և ակնկալվող վերջնարդյունքների ամփոփմանը։

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։ Նա բարձր է գնահատել ներկայիս փոխգործակցության մակարդակը և վերահաստատել ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Տեսանյութեր

Լրահոս