Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը կվառվի Լուվրի այգիներում
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ջահը կվառվի Լուվրի խորհրդանշական թանգարանի դիմաց գտնվող Թյուիլերի այգիներում:
Դեռևս հայտնի չէ, թե ով է վառելու ամառային Օլիմպիական խաղերի ջահը բացման արարողության օրը` հուլիսի 24-ին:
Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:
Մասնակից հավաքականները բացման արարողությանը կմասնակցեն նավակներով: Փարիզի Օլիմպիական խաղերում 32 մարզաձևում կխաղարկվի 329 մեդալ, իսկ մասնակիցների թիվը կգերազանցի 10.000-ը: Այս Խաղերում նոր մարզաձև է լինելու բրեյք դանսը: Փարիզի Օլիմպիական խաղերի մի քանի մարզաձևերի մրցումներ կանցկացվեն Թաիթիում, Նանտում, Լիոնում, Մարսելում, Սենթ-Էթյենում և այլն: Այս Խաղերում կաշխատի մոտ 45.000 կամավոր աշխարհի տարբեր երկրներից:
Փարիզի Խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նաև ՕԽ-ի թալիսմանին` մասկոտին: Թալիսմանը, որը ստացել է Ֆրիգ (Phryges) անվանումը, նման է ֆրանսիական գլխարկների և ունի կարմիր գույն: Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության և ազատության խորհրդանիշ: