
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է

Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում վիրավորների թիվը հասել է 382-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Աղետների բժշկության կենտրոնում։
«Թարմացված տվյալների համաձայն՝ տուժել է 382 մարդ, այդ թվում՝ ինը երեխա։ Մեծամասնությունը՝ 217 տուժած, ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Ավելի վաղ 165 մարդ հոսպիտալացվել էր, նրանցից 96-ն արդեն դուրս է գրվել», – ասել է գործակալության զրուցակիցը:
Իր հերթին Ռուսաստանում Բելառուսի դեսպանությունը հայտնել է ահաբեկչության հետևանքով հանրապետության ևս մեկ քաղաքացու մահվան մասին։ Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր ահաբեկչության հետևանքով Բելառուսի 2 քաղաքացու մահվան մասին։
Ռուսական լրատվամիջոցների՝ մարտի 28-ին հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության զոհերի թիվը 143 էր։
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։ Ձերբակալվել է 11 կասկածյալ, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։