Եվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումը
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը 11-րդ լիագումար նստաշրջանում ընդունած բանաձևով ողջունել է Եվրոպական Միության հետ հարաբերություններն ամրապնդելու Հայաստանի կառավարության որոշումը և
ԵՄ կառույցներին հորդորել է մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել Հայաստանի եվրոպական ձգտումներին։
ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը՝ մանրամասներ ներկայացնելով Բրյուսելում Վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունված բանաձևով խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտը։
Եվրանեսթ ԽՎ-ն բանաձևով կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավել Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացում, ապահովել կայուն խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար՝ ընդգծով տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը։
Վեհաժողովը նաև խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտը, ինչի շնորհիվ կհաստատվեն միջպետական հարաբերություններ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, առաջին հերթին՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման վրա։