ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպության ընդլայնման հնարավորությունը
ավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ընդլայնման հնարավորությունը չի բացառվում՝ հատկապես հաշվի առնելով այն, որ կազմակերպությունն առաջարկում է անդամակցության բարենպաստ պայմաններ։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրին տված հարցազրույցում։
«Իհարկե, սկզբունքորեն բացառված չէ նման (խմբ.՝ ընդլայնման) հնարավորությունը։ Բանն այն է, որ հին աշխարհակարգի փլուզման պայմաններում, որն ուղեկցվում է հին հակամարտությունների վերսկսմամբ և նորերի ի հայտ գալով, զգալիորեն մեծանում է ռազմաքաղաքական դաշինքի անհրաժեշտությունը: Դա օրինաչափ է և հաստատված է պատմությամբ, հատկապես, որ ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության շատ բարենպաստ պայմաններ», – ասել է Թասմաղամբետովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այնուհետև պարզաբանել է, թե որոնք են կազմակերպությունում անդամակցության առավելությունները։
«Դրանցից հիմնականներից մեկը, կարծում եմ, կարելի է համարել խիստ «բլոկային կարգապահության» բացակայությունը և կազմակերպության ներսում որոշումների կայացման ընթացակարգի ժողովրդավարական բնույթը։ Առանցքային նշանակություն ունի նաև այն, որ ՀԱՊԿ-ն առաջնահերթություն է տալիս ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական-դիվանագիտական մեթոդներին», – ասել է Թասմաղամբետովը։
Նա չի բացառել, որ կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիմքի վրա համագործակցության նոր ձևաչափերի առաջացման յուրօրինակ շարժիչ ուժը կլինի խաղաղապահ գործունեությունը, «որի անհրաժեշտությունը, ցավոք, տեսանելի ապագայում միայն կավելանա»։
ՀԱՊԿ-ում ներկայում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։