Լևոն Հակոբյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Լևոն Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի ստորագրած որոշումից:
Լևոն Հակոբյանը ծնվել է 1986 թվականի օգոստոս 30-ին, Երևանում:
2002–2008թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում: 2010-ին ավարտել է ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրան՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:
2012–2014 թվականներին ուսանել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում` հանրային կառավարում մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում` 2010-2013 թվականներին զբաղեցնելով համայնքային ծառայության առաջատար և գլխավոր պաշտոններ և համակարգել պոլիկլինիկական ծառայությունը:
2013-2014 թվականներին եղել է Թիվ 5 պոլիկլինիկայի տնօրեն:
Այնուհետև` 2015–2016 թվականներին կրկին աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում, որտեղ համակարգել է մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունը:
2016 թվականին նշանակվել է «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն:
2016-2018 թթ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում:
2019–ին աշխատել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ում` որպես տնօրեն:
2019 թվականին Լևոն Հակոբյանը աշխատել է որպես ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, իսկ 2020-2023 թվականներին` «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ֊ի տնօրեն:
2023 -2024 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական:
Բժշկական գիտությունների թեկնածու է:
Ամուսնացած է, ունի 3 դուստր: