Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով պատվիրակությանը, նշել է.
«Մենք մեծապես կարեւորում ենք Դանիայի հետ՝ որպես Հայաստանի հուսալի գործընկերոջ, համակողմանի կապերի զարգացումը: Մեր երկրներն ու հասարակությունները կիսում են ընդհանուր արժեքներ, որոնք լավ հիմք են մեր երկրների միջեւ բազմակողմ համագործակցության հետագա զարգացման համար»:
Հակոբ Արշակյանն ընդգծել է երկուստեք միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացման կարեւորությունը.
«Կարեւորում եմ մեր խորհրդարանականների միջեւ անձնական փոխգործակցության ակտիվացումը: Այս ամսվա սկզբին Ազգային ժողովը հյուրընկալեց Դանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Այցը հիանալի հնարավորություն ընձեռեց անձամբ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ տեղում ծանոթանալու իրավիճակին»:
ԱԺ փոխնախագահը կարեւորել է Դանիայի հետ համագործակցության առանձնահատուկ նշանակությունը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում կայուն եւ համապարփակ խաղաղության ու կայունության հաստատմանը:
Դանիայի պատվիրակությունն իր հերթին աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանն ու անկախությանը:
Կողմերը կարեւորել են խորհրդարանների միջեւ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ փոխայցելությունները եւ համագործակցությունը կշարունակվեն՝ ի նպաստ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման:
Հանդիպմանը ներկա են եղել Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը: