Արդյունքը բացասական է, նշանակում է՝ ես թերի եմ աշխատել. Պետրակով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայից կրած պարտությունը կապում է իր թերի աշխատանքի հետ:
«Խաղացին ու պարտվեցինք: Միակ դրականն այն է, որ տղաները ջանք չեն խնայում: Ուշադիր լսում են մարզումների ընթացքում և անում՝ ինչ պահանջվում է: Ֆուտբոլում, սակայն, կարևորն արդյունքն է: Բայց արդյունք չկա: Արդյունքը բացասական է, նշանակում է ես, որպես գլխավոր մարզիչ, թերի եմ աշխատել»,-ասել է Պետրակովը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի ընկերական երկրորդ խաղում մրցեց Չեխիայի ընտրանու հետ: Հայաստանի թիմը զիջեց 1:2 հաշվով:
Ազգային ընտրանու կազմում միակ գնդակը խփեց Էդգար Սևիկյանը, որը կիսապաշտպանի անդրանիկ գոլն է հավաքականում: Ազգային ընտրանին հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հունիսի 4-ին` հյուրընկալվելով Սլովենիայի հավաքականին: