Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանը պատրաստվում է սահմանազատում իրականացնել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Վրաստանի հետ: Դեռ վաղուց էին լուրեր շրջանառվում, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացնում է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաեւ Վրաստանի հետ՝ նրանց որոշակի տարածքներ զիջելու պատրաստակամությամբ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին, որը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու շրջանում:

Երեկ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կրկին բարձրացրել է սահմանազատման հարցը:

«Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր եւ անհրաժեշտ քայլերը։ Ուզում եմ ընդգծել, որ այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անվերապահ ճանաչումը: Այսօր մենք նաեւ քննարկել ենք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել էր նա:

«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:

«Վարչապետն իր հայտարարության մեջ ասել է՝ ինչ են քննարկել. Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագրի թեմայի շուրջ քննարկվել է սահամանզատման թեման: Ընդհանուր քննարկվել է, որ պետք է սահմանազատում լինի. վաչապետի հայտարարությունից բացի, դեռ այլ բան չկա»,-ասաց նա:

Նշենք, որ Հայաստանն ու Վրաստանը պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հարցը քննարկում են 1992 թվականից, իսկ 1996-ից երկու երկրների միջեւ գործում են սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովներ, բայց խիստ պասիվ ռեժիմով են աշխատում»:

Տեսանյութեր

Լրահոս