
ՄԱԳԱՏԷ-ն սկսել է ստուգել աշխարհի ամենահզոր ԱԷԿ-ի պաշտպանվածությունն ահաբեկչական հարձակումներից

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներն սկսել են Ճապոնիայում և աշխարհում ամենահզոր ատոմակայանի՝ «Կասիվաձակի Կարիվա»-ի ստուգումը։ Այս մասին հաղորդում է ճապոնական NHK լրատվամիջոցը։
Նիիգատայի պրեֆեկտուրայում գտնվող ատոմակայանում տեսչական ստուգումը կտևի մինչև ապրիլի սկիզբը։ Գործակալությունը կստուգի սարքավորումներն ու ենթակառուցվածքները, որոնք առնչություն ունեն ահաբեկչական հարձակումներից պաշտպանության հետ: Այդ ոլորտում ատոմակայանում վերջին տարիներին հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ սահմանված կանոնակարգերին, ինչը 2021 թվականին հանգեցրել էր կայանի շահագործման արգելքի։
Ավելի քան երկու տարվա ընթացքում օբյեկտի Tokyo Electric Power օպերատոր-ընկերությունն առաջընթաց է գրանցել կայանի անվտանգության կատարելագործման հարցում: Ճապոնիայի կարգավորող մարմինն անցյալ տարվա դեկտեմբերին վերացրել է կայանի շահագործման արգելքը, բայց դրա վերագործարկման համար անհրաժեշտ է տեղական իշխանությունների համաձայնությունը:
«Կասիվաձակի Կարիվա» ատոմակայանը գտնվում է Ճապոնական ծովի ափին։ Այն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում յոթ ռեակտորների միագումար հզորությամբ, որը գերազանցում է 8200 մեգավատը։