Վրաստանի վարչապետն անդրադարձել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության հռչակագրին
Հայաստանի և Վրաստանի միջև կնքված ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրով երկու երկրներն էլ ավելի բարձր մակարդակի են բարձրացրել երկկողմ հարաբերությունները։
Նման համոզմունք հայտնեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում։
«Նպատակն է խորացնել համագործակցությունը, աջակցել խաղաղությանն ու կայունությանը, և այս հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգերի վրա ու արտահայտում է մեր աջակցությունն այդ արժեքներին»,- հայտարարեց Կոբախիձեն՝ հավելելով, որ Հայաստանն ու Վրաստանը դարեր շարունակ համագործակցել և եղբայրական հարաբերություններ են ունեցել։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնեց, որ քննարկումներին անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև քաղաքական, տրանսպորտի, տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում ու տարբեր ձևաչափերով գոյություն ունեցող համագործակցությանը։
«Այս բոլոր ուղղություններով մեր գործընկերությունն էլ ավելի կխորացվի, էլ ավելի կզարգանա․ դա շատ կարևոր է»,- ընդգծեց նա։
Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2024 թվականի հունվարի 26-ին Թբիլիսիում ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր։