
Կիևում հայտնել են պայթյունների մասին

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ռուսական ուժերը տեղական ժամանակով 10։30-ի սահմաններում Ղրիմի տարածքից երկու բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Կիևին։ Կա 4 տուժած։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ թիրախները ոչնչացվել են, հրթիռների տեսակը ճշտվում է։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ բեկորների ընկնելու հետևանքով 4 մարդ է տուժել, մայրաքաղաքի մի քանի շրջաններում կան ավերածություններ։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ավելի վաղ նաև հայտնել էին, որ գիշերը Օդեսայի և Նիկոլաևի մարզերը ենթարկվել են հարվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման։ 9 ԱԹՍ-ներից 8-ն, ըստ հայտարարության, հաջողվել է խոցել։ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է Նիկոլաևի շրջանի էներգետիկ օբյեկտներից մեկին, Օդեսայում բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է էներգետիկ օբյեկտ։ 11 մարդ վիրավորվել է։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռոստովի մարզի երկնքում ուկրաինական 11 ԱԹՍ է խոցվել։ Ռոստովի նահանգապետը հայտնել է շրջանային էլեկտրակայանի տարածքում բռնկված հրդեհի մասին։