Բրյուսելում բացվել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նոր գրասենյակը

Մարտի 24-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նոր գրասենյակի բացման արարողությունը․ նշանակալի իրադարձություն նրա հիմնադրությունից՝ 2002 թվականից ի վեր:

Ի խորհրդանշում Հայ դատի առաքելության օժանդակման՝ կարմիր ժապավենը կտրել են Մայք և Էվելինա Սարյանները, որոնց ընտանիքի առատաձեռն նվիրատվության շնորհիվ էլ ձեռք է բերվել նոր գրասենյակը։ Բացման արարողությանը ներկա են գտնվել տասնյակ հյուրեր, այդ թվում՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի երկարամյա բարերարներ Րաֆֆի Արսլանյանը և Ատոմ Թենջուկյանը, ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, բելգիացի պատգամավորներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև Բելգիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի և Միացյալ Թագավորության հայ համայնքների ներկայացուցիչներ։

Բացման արաողությանը հաջորդած ընդունելության ընթացքում հնչած ելույթներում երախտագիտության խոսքեր են ձոնվել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել եւ ունենում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքներին։ Ներկաները, կարևորելով Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դերը առհասարակ Հայ դատի պաշտպանության գործում, իրենց բարեմաղթանքներն են հղել գրասենյակի ամենօրյա տքնաջան աշխատանքին։

Մայք Սարյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, նշել է. «Իսկապես մեծ պատիվ է Բրյուսելում նվիրաբերություն կատարել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակին՝ ի հիշատակ մեր հոր՝ Երջանիկ Սարյանի։ Երջանիկը, որը հայերեն նշանակում է «երջանիկ», մարմնավորում է մեր իղձը, այն է՝ այս գրասենյակը երջանկության աղբյուր դառնա բոլոր այն հայերի համար, ովքեր հավատարիմ են Հայ դատի առաջխաղացմանն ամբողջ աշխարհում և հատկապես Եվրոպայում: Մեծ հաջողություններ ենք մաղթում գրասենյակի անձնակազմին և մեր համայնքի անդամներին՝ հուսալով, որ ավելի շատ ձեռքբերումներ կունենանք այս մռայլ օրերում»։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն իր խորին երախտագիտությունը հայտնելով Մայք Սարյանին և նրա ընտանիքին՝ նշել է. «Խորապես շնորհակալ ենք պարոն Սարյանին և նրա ընտանիքին իրենց առատաձեռնության համար: Իսկապես պատիվ է, որ մեր գրասենյակը կրում է հանգուցյալ Երջանիկ Սարյանի անունը: Այս գրասենյակը խորհրդանշում է բոլորիս տունը՝ նվիրված հայ ժողովրդին և հայ ժողովրդին ծառայելուն, առաջ մղելով հայ դատի պայքարը։ Մենք հավատարիմ ենք այդ նպատակին»:

Նոր գրասենյակի բացումը նշանակալից առաջընթաց է Հայ դատի գրասենյակի համար և վերջինս վերահաստատում է իր հանձնառությունը հայկական պետականության առաջխաղացման և Եվրոպայում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության գործում:

Տեսանյութեր

Լրահոս