Բաժիններ՝

Լեհաստանում բացատրել են, թե ինչու չեն խոցել երկրի օդային տարածք մտած ռուսական հրթիռը

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Յացեկ Գորիշևսկին հայտարարել է, որ լույս մարտի 24-ի գիշերը երկրի օդային տարածք մտած ռուսական հրթիռը խոցելը ռիսկային կլիներ նախ և առաջ տեղի բնակչության համար։ Այդ մասին հաղորդում է RMF FM լրատվամիջոցը։

Խոսնակը պարզաբանել է, որ հրթիռը չխոցելու որոշումը կայացրել է Զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հրամանատարը։

«Որոշումը հիմնվել է մեր ռադիոտեղորոշիչ համակարգերից ստացված տեղեկատվության վրա: Հրթիռի հետագծի, արագության և բարձրության գնահատումը ցույց են տվել, որ այն կլքի մեր օդային տարածքը», – հայտնել է Գորիշևսկին:

Նրա խոսքով՝ հրթիռը խոցելու փորձն ավելի մեծ վտանգ կներկայացներ տեղի բնակիչների համար:

«Հրթիռը կշռում է ավելի քան երկու տոննա, որից 400 կիլոգրամը մարտական ​​բեռնվածությունն է։ Հրթիռը խոցելուց հետո դրա բեկորները կընկնեին մեր տարածքի վրա»,- ասել է նա` հավելելով, որ երկրի տարածքում կընկնեին նաև այն զենքի մնացորդները, որով կխոցվեր հրթիռը։

Գորիշևսկին նաև ասել է, որ Ռուսաստանն իր հրթիռներով միտումնավոր մանևրում է այնպես, որ դրանք շրջան կատարեն և խոցեն Ուկրաինայի թիրախներն արևմուտքից։

Լույս մարտի 24-ի գիշերը ժամը 04.23-ին տեղի է ունեցել Լեհաստանի օդային տարածքի խախտում Ռուսաստանի հեռահար գործողության ավիացիայի արձակած մանևրող հրթիռներից մեկի կողմից։ Հրթիռը Լեհաստանի օդային տարածք է մտել Լյուբլինի վոևոդության Օսերդուվ գյուղի շրջանում՝ այնտեղ գտնվելով 39 վայրկյան:

Լեհաստանը միջադեպի մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և հայտարարել, որ բացատրություն կպահանջի Ռուսաստանից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս