
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քիչ առաջ Վրաստանի վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորեցին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա Վահագն Խաչատուրյանի, Նիկոլ Փաշինյանի հետ։
Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդիպումից հետո հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով։
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գեորգի Ամիլահվարին և Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։