Բաժիններ՝

Կիպրոսում 36 երկրների ներկայացուցիչներ քննարկել են Գազայի համար ծովային միջանցքի հարցը

36 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել էին Կիպրոսում՝ քննարկելու տեխնիկական հարցեր՝ կապված Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն ցույց տալու նպատակով ծովային միջանցքի գործունեության հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը։

Կիպրոսի ԱԳՆ ղեկավարը նախագահել է հանդիպումը, որը տեղի է ունեցել Լառնակայի «Զենոն» համակարգման կենտրոնում, որը նախատեսված է մարդասիրական օգնության ընդունման համար։ Մասնակիցների թվում է եղել Գազայի հատվածի վերակառուցման և հումանիտար հարցերով ՄԱԿ-ի ավագ համակարգող Սիգրիդ Քագը։

«Խնդիրն այն է, որ տեսնենք, թե ինչպես կարելի է բարձրացնել աշխատանքի կազմակերպման մակարդակն ինչպես ելքի կետում, այնպես էլ ջրային երթուղիներում մեր ներուժի ամրապնդման, ինչպես նաև օգնության ստացման և (տեղում) բաշխման առումով», – Կոմբոսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա հայտնել է, որ Լառնակայի նավահանգստում մեկնելու է սպասում երկրորդ նավը՝ 500 տոննա պարենով։ Միջերկրական ծովային միջանցքով 200 տոննա օգնություն տեղափոխող առաջին նավը Գազա է հասել անցյալ շաբաթ։ Կիպրոսի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ հանդիպմանը նաև քննարկվել են հարցեր, որոնք կապված են հիմնադրամի ստեղծման հետ՝ այս ուղղությամբ «անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ջանքերը շարունակելու նպատակով»։

Պաղեստինցիներին օգնության մատակարարումների համար ծովային մարդասիրական միջանցքի բացման մասին մարտի 8-ին հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Կիպրոսը դեռ անցյալ տարի է առաջարկել իր տարածքը՝ այլ երկրներից Միջերկրական ծովով Գազայի բնակիչների համար մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով։

2023 թվականի նոյեմբերի 9-ին Փարիզում կայացած խորհրդաժողովում Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հայտարարել էր «ծովային միջանցքի կազմակերպման համապարփակ առաջարկի» պատրաստման մասին՝ «Կիպրոսից Գազայի հատված մարդասիրական օգնության անխոչընդոտ, անվտանգ և կանոնավոր առաքման համար»: Այդ նպատակով Լառնակայում կտեղակայվի լոգիստիկ կենտրոն, որը կարող է ընդունել մինչև 200 հազար տոննա մարդասիրական բեռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս