Ֆրանսիայի վարչապետն Ադրբեջանից պահանջել է հետ քաշել զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալն Ադրբեջանից պահանջել է հետ քաշել իր զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից։

Ինչպես հաղորդում է Le Figaro-ն, Ֆրանսիայի վարչապետն այդ մասին ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ ունեցած ելույթում՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահն ինքն է խոստովանել, որ ադրբեջանական ուժերն առաջխաղացում ունեն Հայաստանի տարածքի մի քանի կետերում։

«Այսօր մեր խնդիրը կայանում է նրանում, որ օգնենք Հայաստանին պաշտպանել իր անկախությունը, իր ժողովրդավարությունը , սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ատալը։

Ֆրանսիայի վարչապետը նաև հավելել է, որ Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին իր խաղաղության ձգտման, իր ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, այն սկզբունքների համար, որոնք Մոսկվան անարգում է Ուկրաինայում։

Աթալը հիշատակել է Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանին՝ ընդգծելով, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարությունը և իրավական պետություն լինելու ճանապարհը։

Ֆրանսիայի վարչապետը շեշտել է, որ Մոսկվան չդատապարտեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, որտեղ մինչև անցած տարեվերջ մեծամասնությամբ հայեր էին բնակվում՝ հավելելով, որ այսպես կոչված ռուսական խաղաղապահ ուժերը թույլ տվեցին, որ այնտեղ հումանիտար ճգնաժամ լինի։

Տեսանյութեր

Լրահոս