Բրյուսելում մեկնարկում է ԵՄ ղեկավարների գագաթնաժողովը

Բրյուսելում մարտի 21-ին բացվում է երկօրյա գագաթնաժողով, որին մասնակցող ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն հետագա օգնությունն Ուկրաինային, ԵՄ-ի անվտանգությունն ու պաշտպանությունը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, գյուղատնտեսությունը, Եվրամիության ընդլայնումը, արտաքին քաղաքականությունը, միգրացիան և տնտեսությունը: Այս մասին հաղորդում են եվրոպական տարբեր լրատվամիջոցներ:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ ԵՄ երկրների ղեկավարներին ուղղված հրավեր-նամակում միության առաջնահերթ խնդիրներից է անվանել Ուկրաինային ռազմական օգնության արագ տրամադրումը։

«Հրատապությունը, ինտենսիվությունն ու անսասան վճռականությունը հրամայական են», – հրավեր-նամակից մեջբերում է Reuters-ը։

Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովի առաջարկների հիման վրա ԵՄ ղեկավարները կքննարկեն եվրոպական պաշտպանական արդյունաբերության ռազմավարությունը և եվրոպական պաշտպանական ներդրումային ծրագիրը:

Միշելը շեշտել է նաև Մերձավոր Արևելքում, հատկապես Լիբանանում և Կարմիր ծովում տարածաշրջանային էսկալացումը կանխելուն ուղղված ԵՄ ջանքերի ակտիվացման կարևորությունը:

Նա գագաթնաժողովի կարևորագույն հարցերից է համարել ԵՄ-ում գյուղատնտեսության հետ կապված իրավիճակը։

«Մեր եվրոպացի ֆերմերները բարձրաձայն և հստակ արտահայտել են իրենց մտահոգությունները: Մենք պետք է վճռականորեն գործենք նրանց առջև ծառացած խնդիրների հարցում», – գրել է ԵՄ խորհրդի ղեկավարը։

Շառլ Միշելը հավելել է, որ եվրոպացի առաջնորդները նաև պետք է «դիտարկեն միգրացիոն իրադրությունը և արտաքին հարաբերությունների տարբեր հարցեր»։

Գագաթնաժողովի երկրորդ օրը՝ մարտի 22-ին, ԵՄ անդամներին կմիանան Եվրոպական կենտրոնական բանկի և Եվրախմբի նախագահները՝ քննարկելու տնտեսական և ֆինանսական իրավիճակը։

Հանդիպման ավարտին ԵՄ առաջնորդներն Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի իրենց գործընկերների հետ միասին կնշեն Եվրոպական տնտեսական գոտու համաձայնագրի 30-ամյակը:

Տեսանյութեր

Լրահոս