
Բայդենը և Կոնգրեսի առաջնորդները համաձայնության են եկել մինչև տարեվերջ կառավարության ֆինանսավորման շուրջ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կոնգրեսի առաջնորդները համաձայնության են եկել ընթացիկ ֆինանսական տարում վարչակազմի ֆինանսավորման շուրջ: Այս մասին նախագահի անունից հայտարարություն է տարածել Սպիտակ տունը:
«Մենք Կոնգրեսի առաջնորդների հետ հետագա գործողությունների շուրջ համաձայնության ենք եկել ամբողջ տարվա ֆինանսավորման վերաբերյալ մնացած օրինագծերի հարցում: Ներկայացուցիչների պալատը և Սենատն այժմ աշխատում են փաթեթի պատրաստումն ավարտելու վրա, որը կարող է արագ ինձ ներկայացվել, և ես այն անմիջապես կստորագրեմ»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, օրենսդիրներին ժամանակ է պետք օրինագծի տեքստի հետ աշխատանքն ավարտելու համար։ Ներկայացուցիչների պալատում գործում է կանոնակարգ, որի համաձայն՝ կոնգրեսականներին քվեարկությունից առաջ 72 ժամ է տրվում օրինագիծը քննարկելու համար, իսկ մի քանի առանցքային հաստատությունների ժամանակավոր ֆինանսավորման ժամկետը լրանում է մարտի 22-ի կեսգիշերին:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը լրագրողներին ասել է, որ համապատասխան հանձնաժողովներն այժմ աշխատում են օրինագծի տեքստի վրա, որը կքննարկվի «հնարավորինս շուտ»։
Նման հայտարարությամբ է հանդես եկել Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը` նշելով, որ Կոնգրեսը փաթեթը կքննարկի «առաջիկա մի քանի օրվա ընթացքում»: