«Թալիբան»-ը հարվածներ է հասցրել Պակիստանին՝ ի պատասխան 8 զոհի պատճառ դարձած ավիահարվածների
Աֆղանստանում իշխող թալիբները հայտարարել են, որ ծանր զինատեսակների կիրառմամբ պատասխան հարվածներ են հասցրել Պակիստանի զինվորականների ուղղությամբ՝ ի պատասխան առավոտյան Պակիստանի կողմից երկու ավիահարվածների, որոնց հետևանքով զոհվել է 5 կին, 3 երեխա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Վերջերս Պակիստանում զինյալների հարձակումների թվի աճի համար երկրները մեղադրում են մեկը մյուսին։ Պակիստանն ասում է, որ հարձակումներն իրականացվում են Աֆղանստանի տարածքից։ «Թալիբան»-ը հերքում է այն, որ իրենք թույլ են տալիս զինյալներին օգտագործել իրենց տարածքը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Պակիստանի ռազմաօդային ուժերն առավոտյան ավիահարվածներ են հասցրել «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» (ԹԹՊ, «Պակիստանի թալիբների շարժում») արմատական խմբավորման զինյալների թաքստոցներին և ճամբարներին Աֆղանստանի Խոստի և Պակտիկայի նահանգներում։