Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները մոտ են որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ. Մուրատ Նուրտլեու
Որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները մոտ են, կարծիքները շատ հաճախ համընկնում են:
Այս մասին ասաց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Երևանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկել են համագործակցության բոլոր բնագավառները, ձևակերպել են հիմնական ձևաչափերը, նշել համագործակցության կոնկրետ ուղղությունները: Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային տարբեր հարցերի շուրջ, պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:
«Մեր երկրների դիրքորոշումները որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ մոտ են, իսկ կարծիքները շատ հաճախ համընկնում են: Այդ իսկ պատճառով մենք հատուկ ուշադրություն հատկացրեցինք անվտանգության և կայուն զարգացման ապահովմանը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում»,-ասաց Ղազախստանի ԱԳ նախարարը:
Ըստ նրա՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման մեջ զգալի ներդրում ունի փոխհամագործակցությունը բազմակողմանի կառույցներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում: