Հայաստանի և Ղազախստանի համար առանցքային է լոգիստիկ նոր հնարավորությունների ստեղծումը․ Միրզոյան
Հայաստանը և Ղազախստանը քննարկել են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների նոր հնարավորությունների ստեղծման հարցեր։
Այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նախարարը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է իր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ՝ ամերիկյան մայրցամաքից մինչև հեռավոր Արևելք, և այս համատեքստում Ղազախստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են։
«Ղազախստանի հետ հարաբերությունները իրենց շատ կարևոր դերն ունեն մեր այս ընկալման մեջ, և շատ ուրախ եմ, որ տեսնում եմ նույն փոխադարձ հետաքրքրությունը ղազախստանյան կողմից։ Մենք կոնկրետ պայմանավորվածությունների հանգեցինք այսօր երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Խոսելով տնտեսական հարաբերություններից՝ չենք կարող չանդրադառնալ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներին, և հետաքրքրական է, որ երկու երկրների համար էլ այս համատեքստում նոր հնարավորությունների բացահայտումը առանցքային է և կարևոր»,- ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ գործընկերոջը ներկայացրել է տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման Հայաստանի տեսլականը։
«Մենք այսօր խոսեցինք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ լոգիստիկ հնարավորություններ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա, հիմնված փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»,- եզրափակեց Միրզոյանը։