Պուտինն ընտրություններում հաղթում է ձայների 87,34 % -ով՝ քվեաթերթիկների 98 %-ի հաշվարկի արդյունքներով
Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 98 %-ի հաշվարկի արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը հաղթում է ձայների 87,34 %-ով։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։
Երկրորդ տեղում ՌԴ Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովն է՝ ձայների 4,3 %-ով։ Երրորդ տեղում Պետդումայի փոխխոսնակ, «Նոր մարդիկ» կուսակցության անդամ Վլադիսլավ Դավանկովն է՝ ձայների 3,8 %-ով։ Իսկ չորրորդ տեղում, ըստ ԿԸՀ տվյալների, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին է՝ ձայների 3,17 %-ով։
Ինչպես նշում է ԿԸՀ-ն, քվեաթերթիկների ավելի քան 98 %-ի հաշվարկի արդյունքներով Պուտինն ունի 72 միլիոն 414 հազար 981 ձայն, Խարիտոնովը՝ 3 մլն 565 հազար 510 ձայն, Դավանկովը՝ 3 միլիոն 152 հազար 923 և Սլուցկին՝ 2 միլիոն 629 հազար 504 ձայն։
ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունն առաջին անգամ տեղի է ունեցել երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-ից 17-ը։ Բացի այդ, առաջին անգամ քվեարկություն է անցկացվել էլեկտրոնային եղանակով, որը հասանելի է եղել ՌԴ մարզերի մեկ երրորդում։
Ընտրություններին մասնակցությունը, նախնական տվյալների համաձայն, կազմել է 74,22 %, ինչը ռեկորդային է 1991 թ․ ընտրություններից հետո, երբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 74,66 %-ը։