Բաժիններ՝

Ֆինլանդիան մարտի 16-ից կսկսի կալանել ՌԴ համարանիշներով մեքենաները

Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական համարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերը պարտավոր են մինչև մարտի 16-ն իրենց մեքենաները դուրս բերել երկրից, քանի որ շաբաթ օրվանից կարող է սկսվել նրանց ավտոմեքենաների կալանումը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Առաջիկա շաբաթ օրվանից ճանապարհներին նկատված ռուսական գրանցմամբ ավտոմեքենաների վարորդները պետք է վերահսկիչ մարմիններին ապացուցեն, որ իրենք իրավունք ունեն ավտոմեքենան օգտագործել Ֆինլանդիայում: Հանձնարարվում է համապատասխան փաստաթղթեր ունենալ ճանապարհին, որպեսզի կարողանաք ապացուցել ռուսական համարանիշներով ավտոմեքենա օգտագործելու ձեր իրավունքը, հենց որ դա ձեզնից պահանջվի», – նշված է Ֆինլանդիայի մաքսային հսկողության վարչության տնօրեն Սամի Ռակշիտի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանին սահմանակից Եվրամիության բոլոր հինգ երկրները (Լեհաստան, Ֆինլանդիա, Էստոնիա, Լատվիա և Լիտվա) արգելք էին սահմանել Ռուսաստանում գրանցված մեքենաների մուտքի վրա։

Ռուսաստանում գրանցված ավտոմեքենայի ժամանակավոր օգտագործման իրավունքը Ֆինլանդիայում պահպանվում է ԵՄ-ի տարածքից դուրս մշտապես բնակվող այն ուսանողների համար, որոնք առկա ուսուցում են ստանում, ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատողների համար, որոնց մեքենաներն օրինական կերպով Ֆինլանդիա են բերվել մինչև մուտքի արգելքը:

Կանոնների խախտման համար մաքսատունը կարող է կալանել փոխադրամիջոցը և կատարել հնարավոր հարկային գնահատում։ Պատժամիջոցները կարող են ներառել, օրինակ, մաքսատուրքերի վճարում, ավելացված արժեքի հարկ և ավտոմեքենայի դուրսբերում ԵՄ-ի տարածքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս