ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է 20 միլիոն դրամի չափով տուգանք։
ՀԷՑ-ի նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշումը միաձայն ընդունվեց հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում։
Ինչպես նշվեց օրակարգային հարցի քննարկմանը՝ հանձնաժողովն իրականացրել է 2023 թվականի 1-ին և 3-րդ եռամսյակների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում չեն պահպանվել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով (կանոններ) սահմանված ժամկետները։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը` հանձնաժողովը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` վերոնշյալ պահանջների հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։
Վարույթի շրջանակում ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները, մասնավորապես՝ կանոններով սահմանված ժամկետների չպահպանումը պայմանավորելով բնակիչների կողմից աշխատանքների խոչընդոտմամբ, սպառման համակարգերն էլեկտրաէներգիայի ընդունմանը պատրաստ չլինելով, տեղական ինքնակառավարման մարմինների գործողություններով և այլն։
Իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետները, ինչն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ դիմող անձանց (սպառողների) իրավունքների կամ օրինական շահերի խախտման։
Մասնավորապես, ՀԷՑ-ի գործունեության հետևանքով կանոններով նախատեսված ժամկետներում բաշխման ցանցին միացված չեն եղել՝ 1-ին եռամսյակի արդյունքներով 804, 2-րդի՝ 2675, 3-րդի՝ 476 սպառման համակարգեր, ինչպես նաև՝ կանոններով նախատեսված ժամկետների խախտմամբ սպառման համակարգերն էլեկտրական ցանցին են միացվել առաջին եռամսյակում 1729, երկրորդում՝ 3918, երրորդում՝ 2333 դեպքերում։
ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, ով ներկա էր հանձնաժողովի նիստին, պարզաբանեց, որ միացումների ուշացումները պայմանավորված են եղել նաև միացումների թվի աննախադեպ աճով։
«Ընդհանուր առմամբ՝ ընդունելի ենք համարում որոշմամբ ներկայացված այս տվյալները։ Ուշացումների հիմնական պատճառը աննախադեպ աճն է։ Եթե նախորդ տարիներին մենք յուրաքանչյուր տարի ունենում էինք միացումներ միջինում 5-6 հազար բաժանորդ, հիմա կոնկրետ 2023 թվականին ունեցել ենք 14 հազար 500 միացում»,-ասաց Հարությունյանը։