Երևանում հրկիզել են քրեական աշխարհում հայտնի «Թլոշ Արմանի» «Cadillac»-ը
Մարտի 12-ին, ավտոմեքենայի հրկիզման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցում ավտոմեքենաներ են այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանված վիճակում գտնվող «Cadillac Escalade» մակնիշի ավտոմեքենայում, իսկ կրակը տարածվել ու վնասվել է հարևանությամբ կայանված «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան ևս։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով «Cadillac Escalade»-ը պատկանում է Երևանի բնակիչ 35-ամյա Արման Ա․-ին, ով քրեական աշխարհում հայտնի է «Թլոշ» Արման մականվամբ և իրավապահները ունեն կասկածներ, որ հիմնականում հրկիզել են նրա ավտոմեքենան։