Հանրային կառավարման բարեփոխումները դիտում ենք նոր քաղաքական և քաղաքացիական մշակույթի զարգացման խթան. Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին մասնակցել է Հայաստանում հանրային կառավարման սկզբունքների մեկնարկի միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, ՍԻԳՄԱ ծրագրի ղեկավար Գրեգոր Վիրանթը, Հայաստանում միջազգային կազմակերպությունների և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.
«Ձերդ գերազանցություն՝ հարգելի՛ պարոն դեսպան,
Հարգելի՛ գործընկերներ,
Ուրախ եմ ողջունել բոլորիդ Հայաստանում հանրային կառավարման սկզբունքների մեկնարկի միջոցառմանը:
Պետական արդյունավետ կառավարումն ու հանրային իշխանության մարմինների թափանցիկ ու հաշվետու գործունեությունը ցանկացած ոլորտի բարեփոխումների իրականացման նախապայման է: Միաժամանակ, հանրային ծառայություններից քաղաքացիների գոհունակության մակարդակից է կախված պետության նկատմամբ հանրային վստահությունը, որն էլ ժողովրդավարական հասարակության հիմնաքարն է:
Սա է պատճառը, որ ոլորտի բարեփոխումները Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից են: Այս առումով ՍԻԳՄԱ նախաձեռնության կողմից հրապարակվող սկզբունքներն այն ուղենիշներն են, որոնցով առաջնորդվում ենք Հայաստանում ոլորտի բարեփոխումները մշակելիս:
Եվրամիության ու ՍԻԳՄԱ-ի հետ հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ մեր արդյունավետ համագործակցությունը բազմաթիվ տարիների պատմություն ունի: Այս ուղղությամբ բարեփոխումների իրականացման հանձնառությունը մենք ստանձնել ենք նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: ՍԻԳՄԱ-ի կողմից 2019 թվականին հրապարակված ելակետային գնահատման զեկույցի հիման վրա 2022 թվականին Կառավարությունն ընդունել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը՝ սահմանելով իր առաջնահերթությունները քաղաքականությունների մշակման, ծառայությունների մատուցման, մարդկային ռեսուրսների կառավարման և ինստիտուցիոնալ արդիականացման ուղղություններով: Անցած տարի մենք վերանայել ենք մեր ռազմավարությունը՝ այն ներդաշնակեցնելով ՍԻԳՄԱ-ի կողմից հրապարակված հանրային կառավարման վերանայված սկզբունքներին՝ ավելի շեշտադրելով քաղաքացիակենտրոն քաղաքականությունների և ծառայությունների մշակման անհրաժեշտությունը:
Կցանկանամ ընդգծել, որ ռազմավարության ընդունումից ի վեր արձանագրել ենք մի շարք ձեռքբերումներ: Մասնավորապես՝ վերջնականացման փուլում են պետության ռազմավարական կառավարման, այդ թվում՝ մշտադիտարկման և գնահատման նոր համակարգի ներդրման աշխատանքները, որոնք կապահովեն փաստահենք քաղաքականությունների մշակման պրակտիկա: Առաջիկայում կտրվի հանրային ծառայությունների միասնական թվային հարթակի մեկնարկը, արդեն իսկ գործարկվել է անձի թվային նույնականացման «ԵՍ ԵՄ» համակարգը: Զուգահեռաբար, ակտիվորեն աշխատանքներ են տարվում հանրային ծառայության մրցունակության բարձրացման, հանրության հետ արդյունավետ հաղորդակցության ապահովման ուղղություններով: Ընդհանուր առմամբ՝ հանրային կառավարման բարեփոխումները դիտում ենք ոչ միայն և ոչ այնքան իբրև բյուրոկրատական ապարատի փոխակերպում, այլև նոր քաղաքական և քաղաքացիական մշակույթի զարգացման խթան, որը նոր որակ է հաղորդելու պետություն-քաղաքացի-բիզնես հարաբերություններին:
Ամփոփելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների արդյունավետ իրականացման կարևորությունը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով շարունակաբար ամրապնդելու ենք ժողովրդավարական ինստիտուտները»:
Ելույթով հանդես է եկել նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, որից հետո ՍԻԳՄԱ-ի ծրագրերի ղեկավար Գրեգոր Վիրանթը ներկայացրել է Հայաստանում հանրային կառավարման սկզբունքների մեկնարկի հետ կապված մանրամասները: