
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին կառաջարկի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու՝ Բրյուսելի վճռականության մասին։ Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին համապատասխան հանձնարարական տալու որոշում կկայացնի մարտի 12-ին: Այդ մասին ֆոն դեր Լայենն ասել է Եվրախորհրդարանի նստաշրջանում իր ելույթում։
«Այսօր մենք զեկույց ենք ներկայացնում Բոսնիա և Հերցեգովինայի առաջընթացի վերաբերյալ: Խոսքը իրադարձությունների վերջին զարգացման փաստական վերլուծության մասին է, որը շատ հստակ պատկերացում է տալիս իրադրության վերաբերյալ: Այն ժամանակվանից, երբ մենք թեկնածուի կարգավիճակ տրամադրեցինք Բոսնիա և Հերցեգովինային, այն տպավորիչ առաջընթաց է գրանցել մեր ուղղությամբ», – ԵՀ նախագահի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Ֆոն դեր Լայենը թվարկել է Բոսնիա և Հերցեգովինայի ձեռքբերումները բանակցությունների մեկնարկի համար պայմանները կատարելու հարցում` ասելով, որ երկիրն այժմ լիովին աջակցում է ԵՄ արտաքին քաղաքականությանը և անվտանգության քաղաքականությանը, որը, նրա խոսքով, վճռական նշանակություն ունի աշխարհաքաղաքական տեսակետից դժվարին ժամանակներում:
«Իհարկե, մեր միությանն անդամակցելու համար անհրաժեշտ է հետագա առաջընթաց: Բայց երկիրը ցույց է տալիս, որ կարող է համապատասխանել անդամակցության չափանիշներին և բավարարել մեր ընտանիքի մի մասը դառնալու՝ իր քաղաքացիների ձգտումը: Այդ իսկ պատճառով մենք այսօր կորոշենք հանձնարարել (ԵՄ) Խորհրդին` սկսելու անդամակցության շուրջ բանակցությունները Բոսնիա և Հերցեգովինայի հետ», – հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։