Նեպալում ցուցարարները պահանջում են թագավորի վերադարձը գահին
Նեպալում բողոքի ակցիաներ են անցկացվում՝ պահանջելով թագավոր Գյանենդրա Շահի վերադարձը։ Թագավորը տասնվեց տարի առաջ զանգվածային ցույցերի պատճառով հրաժարվել էր գահից, և երկրում ստեղծվել էր հանրապետություն։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում կրկին ցույցեր են տեղի ունենում․ այս անգամ ցուցարարները պահանջում են, որ Գյանենդրա Շահին վերադարձվի գահը, իսկ հինդուիզմը հայտարարվի պետական կրոն: Միապետությանը կողմնակից խմբերը մեղադրում են երկրի հիմնական քաղաքական կուսակցություններին կոռուպցիայի և ձախողված կառավարման մեջ՝ պնդելով, որ մարդիկ հիասթափված են քաղաքական գործիչներից:
Մինչև 2005 թվականը Գյանենդրա Շահը պետության ղեկավարն էր, բայց չուներ գործադիր կամ քաղաքական լիազորություններ։ Սակայն 2005 թվականին նա ցրեց կառավարությունը և խորհրդարանը, բանտարկեց քաղաքական գործիչներին և լրագրողներին, երկրում արտակարգ դրություն հայտարարեց և վերադարձրեց բացարձակ իշխանությունը։
Հազարավոր մարդիկ 2006 թվականին ցույցերի դուրս եկան՝ ստիպելով իշխանությունը վերադարձնել խորհրդարանին, իսկ 2008 թվականին խորհրդարանը քվեարկեց միապետությունը վերացնելու օգտին, և Գյանենդրան հեռացավ պալատից։
Բազմաթիվ նեպալցիներ, սակայն, գտնում են, որ հանրապետությանը չի հաջողվել քաղաքական կայունություն բերել երկրին, և որ ընտրված քաղաքական գործիչները չեն լուծում երկրի խնդիրները:
Չնայած ցույցերին, երկրի խոշոր քաղաքական կուսակցությունները մերժել են թագավորի՝ իշխանության վերադառնալու հնարավորությունը։