Բաժիններ՝

«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտարարել է Բեն Գուրիոն օդանավակայանին հարված հասցնելու մասին

Շիաների «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը պնդում է, որ իր կողմնակիցներն անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Երկուշաբթի երեկոյան՝ 2024 թվականի մարտի 11-ին, «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկներն անօդաչու թռչող սարքի միջոցով հարված են հասցրել Բեն Գուրիոն օդանավակայանին բռնատիրական կազմավորման խորքում», – ասված է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Իրաքում շիաների կազմավորումները տարածաշրջանում մեծացրել են ակտիվությունը Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրման ֆոնին: Աշխարհազորայինները նաև սկսել են պարբերաբար հարձակումներ գործել Սիրիայում և Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 հոգու, գերեվարելով շուրջ 250 հոգու։ Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 31 100-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս