ԱՄՆ փոխպետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ փոխնախարարը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում
Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Կուրտ Քեմփբելը երեկ՝ մարտի 8-ին, հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Բուրաք Աքչափարին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը՝ վկայակոչելով Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերին:
Հանդիպումը կայացել է Վաշինգտոնում, որտեղ այցով գտնվում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի գլխավորած պատվիրակությունը: Նշվում է, որ կողմերը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում։
Ըստ հաղորդագրության՝ Քեմփբելը և Աքչափարը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային առաջնահերթությունների շուրջ ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցության հետագա ընդլայնման հարցերը, Կենտրոնական Ասիայում տնտեսական համագործակցությունը և Ասիայում ու դրա սահմաններից դուրս համատեղ աշխատելու այլ հնարավորությունները:
Հիշեցնենք, որ Քեմփբելը 2024 թվականի փետրվարի 7-ին է նշանակվել ԱՄՆ փոխպետքարտուղար։ Քեմփբելի կենսագրական տվյալները փաստում են, որ նա սովորել է Խորհրդային Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում՝ ստանալով քաղաքական փիլիսոփայության վկայական: