Հայաստանը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ ունի փոխգործակցության նոր հնարավորություններ․ Միրզոյան
Հայաստանը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ ունի փոխգործակցության նոր հնարավորություններ։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի արևմտյան երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերությունների ներկա փուլը, և ինչպե՞ս են նրանք սատարում Հայաստանին։
«Մենք ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ հետ փոխգործակցության նոր հնարավորութուններ։ ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ։ Նույնը կարող եմ ասել նաև Եվրոպական միության մասով. ԵՄ հետ մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, բայցև նայում ենք այս համաձայնագրից անդին։ Քննարկում ենք վիզաների ազատականացման հարցը, մի քանի նոր մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել մեր հարաբերություններում»,- ասել է Միրզոյանը։
ԱԳ նախարարը հավելել է նաև, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունը ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում։
«Գիտեք, որ ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը; Կարևոր է նաև նշել, որ առաքելության տեղակայումից ի վեր սահմանին լարվածությունը նվազել է, և մենք տեսնում ենք, որ առաքելությունը նպաստել է կայունությանը։ Այսպիսով, նոր ուղղություններ, նոր ոլորտներ ենք ընդգրկում մեր գործընկերության մեջ, և մենք դեռ գործընթացի կես ճանապարհին ենք»,- եզրափակել է Միրզոյանը։