27-ամյա վարորդը հայտնել է, որ կոկաինը ձեռք է բերել տելեգրամի միջոցով
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, տվյալներն օպերատիվորեն իրացնելով, Կոմիտասի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 23 և 27 տարեկան երկու երիտասարդի։ 27-ամյա վարորդի հայտնածով՝ մեքենայում կոկաին կա, որը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։
23-ամյա ուղևորը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք են բերել 27-ամյա ընկերոջ հետ, որի մի մասն ինքն օգտագործել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված։
Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակի 56-ամյա մի բնակիչ օգտագործում և պահում է թմրամիջոց։ Նա Սմբատ Շահազիզի փողոցում հայտնաբերվել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է Աշտարակի բաժին, որտեղ հայտնել է, որ տանը իր այգում աճած կանեփից պատրաստած թմրամիջոց ունի և շուրջ 5 տարի է՝ թմրամիջոց է օգտագործում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 56-ամյա աշտարակցու տան խուզարկությամբ հայտնաբերվել է 430 գրամից ավելի կանեփանման զանգված։
Ձերբակալվածները ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։