Հայկ Սարգսյանի նախագծի կիրառումը հարթ չի ընթանում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած փոփոխության կիրառումը, որով 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները կարող են գումար վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, չծառայել կամ քիչ ծառայել ու զինգրքույկ ստանալ, այնքան էլ հարթ չի ընթանում։
Պարզվում է՝ բանկերն իրենց կանոնակարգի համաձայն, մեծ գումարներ՝ 15 մլն դրամ Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին փոխանցելու համար այդ գումարի օրինականության հիմքերն են պահանջում: Սա բանկերում ընդունված պրակտիկա է` ուղղված փողերի լվացման գործընթացը կանխելուն։
Սակայն այս պահանջը որոշ խնդիրներ է առաջացրել արտերկրում ապրող մեր հայրենակիցների շրջանում, որոնք մտադիր են վերադառնալ Հայաստան, 15 մլն դրամ վճարել բյուջե ու զինգրքույկ ստանալ։ Նրանք ասում են, որ տարիներ շարունակ արտերկրում աշխատել են ոչ միայն օրինական գումարներ, այլեւ անօրինական, եւ երբեմն չեն կարող այդ գումարների օրինականության հիմքերը ներկայացնել։
Երեկ փոփոխության հեղինակին փոխանցեցինք այս խնդիրը։ Հայկ Սարգսյանը վստահեցրեց, որ բանկերում խնդիր չի առաջանա, եթե քաղաքացիները բանավոր հայտնեն, որ այդ գումարներն աշխատանքի արդյունքում են վաստակել: Նշեց նաեւ, որ կան բանկեր, որտեղ 15 մլն-ի համար նման պահանջ չեն ներկայացնում, ուստի կարող են մեր քաղաքացիները փոխանցումն իրականացնել այդ բանկերով։ Իսկ թե քանի մարդ է օգտվել այս օրենքից, խոստացավ առաջիկայում վիճակագրությունը ներկայացնել»: