Գրիգորյանը հերքում է Պեսկովին. ՌԴ պաշտոնական նամակ են ուղարկել    

Թեև, արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են այն մասին, որ «Զվարթնոց» օդանավակայանից պետք է այնտեղ տեղակայված ռուս սահմանապահները դուրս գան, սակայն Ռուսաստանին այդ հարցով դեռ որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացվել։

«Հայաստանը որոշում չի կայացրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ, պաշտոնական ուղիներով Ռուսաստանին այդ մասին չի հաղորդվել,- այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ շարունակելով,- Որքան մենք հասկանում ենք, այդ հարցում որոշումներ չեն եղել: Եվ ոչ ոք մեզ այդ որոշումները չի փոխանցել պաշտոնական ուղիներով»։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ևս պնդել էր, որ Մոսկվան Երևանից որևէ հարցում չի ստացել օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։

Ի տարբերություն ռուս պաշտոնյաների, այսօր լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հակառակն է պնդել։

«Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի, որի մասին պաշտոնական նամակով տեղյակ է պահել Ռուսաստանի Դաշնությանը։ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատանքը։ Հայաստանը տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում և այս պահին ունի կարողություններ օդանավակայանում ծառայություն իրականացնելու համար»,- Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս