Առաջիկայում կանցկացվի Հայաստան-Եգիպտոս միջկառավարական հանձնաժողովի նիստ

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նոր վարչական քաղաքում կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլիի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Մոստաֆա Մադբուլին ողջունել է վարչապետի այցը նոր կառուցվող վարչական քաղաք և ընդգծել Հայաստան-Եգիպտոս բազմոլորտ համագործակցության կարևորությունը:

Մոստաֆա Մադբուլին նշել է Փաշինյանի արդյունավետ հանդիպումները երկրի նախագահի, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ` տնտեսական կապերի ամրապնդման ու առաջմղման նպատակով: Միաժամանակ, նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը` Եգիպտոս-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը նպաստելու գործում:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Եգիպտոսի նախագահի հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնական այցի արդյունքներով երկկողմ գերազանց քաղաքական հարաբերություններին զուգահեռ կխորանա նաև տնտեսական փոխգործակցությունը: Այս առումով, վարչապետը կարևորել է նաև գործարարների հետ ունեցած հանդիպումը:

Միաժամանակ, ընդգծվել է առաջիկայում Հայաստան-Եգիպտոս միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստի ու դրան զուգահեռ գործարար համաժողովի անցկացումը, որի ընթացքում կներկայացվեն նաև ներդրումային տարբեր առաջարկություններ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Եգիպտոսի աջակցությունը լոգիստիկ հարցերում` Հայաստանից Գազա հումանիտար օգնություն ուղարկելու հարցում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև Եգիպտոսի նոր վարչական քաղաքի, ինչպես նաև Հայաստանում Ակադեմիական քաղաքի շինարարական գործընթացի վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Եգիպտոս միջկառավարական հանձնաժողովի նիստ և գործարար ֆորումն անցկացնել առաջիկա ամիսների ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս