ԱՄՆ գերագույն դատարանը որոշել է, որ Կոլորադոն չի կարող արգելել Թրամփին մասնակցել նախագահական ընտրություններին
ԱՄՆ գերագույն դատարանը մարտի 4-ին որոշում է կայացրել, որ Կոլորադոն և առանձին նահանգները չեն կարող երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին արգելել մասնակցել նախնական ընտրություններին (փրայմերիզ)։
Դատարանը միաձայն մերժել է այն գաղափարը, որ ըստ Սահմանադրության 14-րդ փոփոխության՝ Թրամփը չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ ներգրավված է եղել խռովության մեջ։
Դատարանի վճռի համաձայն՝ Կոնգրեսն է, որը կարող է կիրառել նման դրույթ, ոչ թե նահանգները:
Կոլորադոն զրկել էր Թրամփին Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցած ապստամբության մեջ նրա դերի պատճառով։
Բացի Կոլորադոյից, Թրամփին փրայմերիզին մասնակցելու իրավունքից զրկել են նաև Մեյնի և Իլինոյսի նահանգները․ հենց փրայմերիզի արդյունքներով է որոշվում, թե տվյալ կուսակցությունից ո՛վ կառաջադրվի որպես նախագահական ընտրությունների թեկնածու։
Թրամփի կողմնակիցները 2021 թվականի հունվարի 6-ին հարձակվել էին ոստիկանների վրա և ներխուժել Կապիտոլիումի շենք՝ փորձելով թույլ չտալ, որ Կոնգրեսը վավերացնի դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը 2020 թվականի նախագահական ընտրություններում: Այս իրադարձություններից առաջ Թրամփը ելույթ էր ունեցել կողմնակիցների առջև՝ ասելով, որ գնան Կապիտոլիում և պայքարեն։