Լավրովը չի հաստատել Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին քննարկումները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի կարող հաստատել լուրերն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարությունը։
Ինչպես տեղեկացնում է TASS-ը, Լավրովն այս մասին հայտարարել է Անթալիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը», – ասել է Լավրովը։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ճիշտ կլինի, որպեսզի Ռուսաստանի Դաշնության սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Սիմոնյանի հայտարարությանը, նշել էր, որ Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից ծանուցում չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս հանելու վերաբերյալ։