Բաժիններ՝

«Առաջին լրատվական ալիքն» այսուհետև միայն մայրաքաղաքի փոխարեն՝ կհեռարձակվի ամբողջ Հայաստանով

Դեռևս 2021 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստում «Հանրային հեռուստաընկերություն»-ը հաղթեց մայրաքաղաքային սփռման մրցույթում, և դրանից հետո Հ1-ը լուրերի 2-րդ ալիք ունեցավ, որն ուներ միայն մայրաքաղաքային սփռում։

Հիշեցնենք, որ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել երեք ընկերություն՝ «Փաստինֆո» ՍՊ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն». հաղթել էր Հ1-ը։

Այժմ Հ1-ի երկրորդ՝ մայրաքաղաքային սփռման ալիքը կհեռարձակվի արդեն Հայաստանի ամբողջ տարածքում։

Համապատասխան որոշումը Հայաստանի Կառավարությունն ընդունել է փետրվարի 29-ի նիստում, որով «Առաջին լրատվական ալիքը» կհեռարձակվի Հայաստանի ամբողջ տարածքում, և եթե միայն մայրաքաղաք Երևանում հեռարձակվելու համար պետական բյուջեից հատկացվում էր 18 միլիոն դրամ, ապա այժմ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով հեռարձակվելու համար Հ1-ին բյուջեից կհատկացվի հավելյալ մոտ 65 միլիոն դրամ, ինչին, ի դեպ, դեմ է արտահայտվել Ֆինանսների նախարարությունը։

ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացված տեղեկատվության համաձայն՝ մայրաքաղաքային սփռման գծով հեռարձակման տարեկան ծախսը կազմում է 18.0 մլն դրամ, իսկ հանրապետական սփռման գծով՝ 72.0 մլն դրամ:

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեից կհանգեցնի 64.8 մլն դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ի գումարը) լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, սակայն, ինչպես ՀՀ 2024թ. պետական բյուջեով, այնպես էլ ՀՀ 2024-2026թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն, ուստի դեմ չեն նախագծին, եթե «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից հեռարձակվող «Առաջին լրատվական ալիք» ծրագրի հեռարձակումը Հանրապետության ողջ տարածքով իրականացվի Հ1-ին տրամադրվող ընդհանուր բյուջեի հաշվից։

Տեսանյութեր

Լրահոս